Եվրոպական ֆուտբոլային առաջատար տերություններից առաջնության խաղեր ունեին Անգլիան, Իտալիան ու Ֆրանսիան: Գերմանականը հանգստանում էր, իսկ իսպանականը ներկայացավ գավաթային հանդիպումով: Ի դեմս «Բարսելոն»-«Վալենսիա» դիմակայության, ճիշտ է, այն մեկն էր, սակայն այն մեկերից, որոնք մի ամբողջ շաբաթվա տրամադրություն են ապահովում:
«ԲԱՐՍԵԼՈՆ»-«ՎԱԼԵՆՍԻԱ»
Ընթերցողին երկար չտանջենք ու միանգամից ասենք՝ գավաթային կիսաեզրափակչի առաջին խաղում «Վալենսիան» «Բարսելոնին», իսկ շատ ավելի որոշակիացրած, Մեսիին ու Սուարեսին հանդիպելու դժբախտությունն ունեցավ, ու այս երկուսով յոթ անգամ մրցակցին ստիպեցին գնդակը հանել իրենց դժբախտ դարպասից (այո, այո, միայն մարդիկ չէ, որ դժբախտ են լինում): Հանդիպման առաջին ու վերջին գոլերի հեղինակը Սուարեսն է՝ ընթացքում խփած ևս երկու գոլով, մնացածը, արդեն գիտեք, ում արածն է: Ինչ վերաբերում է Նեյմարին, նա էլ կարող էր առանձնանալ, սակայն չի կարողացել իրացնել Մեսիի վաստակած տասնմեկմետրանոցը: Հասկանալի է, որ «Բարսելոնն» արդեն իսկ գավաթի եզրափակչում է, թեև կա դեռևս երկրորդ խաղը:
ԱՆԳԼԻԱ
Մինչ ավելի հեղինակավոր ակումբները, հաջողելով թե ձախողվելով, փորձում են իրենց վրա վերաձևել չեմպիոնական հանդերձը, պրեմիեր լիգայում շարունակում է նվագախումբն իր ուզած լադով հնչեցնել լեստերյան համանուն ակումբը: Ընդ որում, առանց բարձրագոչ հայտարարությունների, իսկ երբ հարցնում են նպատակների մասին, մրցաշարային աղյուսակը գլխավորող այս թիմի գլուխ կանգնած ծերուկ աղվեսը՝ Ռանիերին, ընդամենն ասում է, որ իր աղվեսները պրեմիեր լիգայում մնալու խնդիր են լուծում: Այս համեստ խնդրին միտված հերթական քայլը «Լիվերպուլից» քերած երեք միավորն էր (2:0)՝ իսկ և իսկ տերյանական «այնպես անհոգ, այնպես անփույթ» տարբերակով:
Տուրում երեքական միավոր են վաստակել նաև «Մանչեստր Սիթին» ու «Տոտենհեմը»` արտագնայում համապատասխանաբար հաղթելով «Սանդերլենդին»՝ 1:0, ու «Նորվիչին»՝ 3:0, իսկ ահա «Արսենալը», որ մի երկու տուր առաջ աղյուսակի առաջին հորիզոնականում էր, տնային խաղում չկարողացավ կոտրել «Սաուտհեմպտոնի» դիմադրությունն ու հայտնվեց առաջատար եռյակից դուրս: «Լեստերն» ունի 50, «Մանչեստր Սիթին»՝ 47, «Տոտենհեմը»՝ 45 միավոր: Ինչ վերաբերում է «Չելսիին», առաջնության նորեկ «ՈՒոտֆորդը» ազնվականներին հարկադրեց բավարարվել մեկ միավորով՝ 0:0:
ԻՏԱԼԻԱ
Տուրից տուր ակնհայտ է դառնում, որ սկուդետեում չեմպիոնական «գոտու» համար կենաց ու մահու պայքար են մղում երկու թիմ՝ «Նապոլին» ու «Յուվենտուսը», ու եթե երկրորդն իր տասներեք անընդմեջ հաղթական սերիայով, որպես նաև գործող չեմպիոն, փորձում է ապացուցել, որ ընդամենը թյուրիմացություն էր անհաջող մեկնարկը, ապա առաջինը տևական ընդմիջումից հետո թիրախավորվել է դեպի չեմպիոնական բարձունք ու, մրցակիցների համար կատարյալ պատուհաս դարձած, հետևողականորեն շարժվում է «լենինյան» կուրսով: Նեապոլցիների հետ մրցակցությունում անզոր եղավ սեփական հարկի տակ հանդես եկող «Լացիոն»՝ 0։2, իսկ «Ծեր սինյորան», թեկուզ նվազագույն հաշվով, վշտացրեց «Ջենովային»:
Վերջապես սթափվեց չորս խաղ անընդմեջ հաղթանակի համը կորցրած «Ինտերը», որը միլանյան վերջին դերբիում, հիշում եք, ծանր պարտություն կրեց «Միլանից»: «Կիևոյի» հետ այն նույնությամբ կրկնեց «Յուվենտուս»-«Ջենովա» հանդիպման հաշիվը, սակայն դա բավարար չեղավ առաջատար եռյակ վերադառնալու համար, որովհետև «Կարպիի» հետ դիմակայությունում «Ֆիորենտինան» խաղավարտին խփեց հաղթական գոլն ու մնաց երրորդ հորիզոնականում: «Նապոլին» ունի 53, «Յուվենտուսը»՝ 51, «Ֆիորենտինան»՝ 45 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում «Պարի Սեն Ժերմենն» ամենայն հետևողականությամբ անում էր իր համար սպիտակ, մրցակիցների համար սև գործը: Այս անգամ ողբացյալը «Լորիանն» էր՝ 3:1: «Բաստիայի» հետ խաղում «Մոնակոն» ավելի ամրացրեց դիրքերը երկրորդ հորիզոնականում (2:0), քանի որ «Անժը», «Ռեյմսի» հետ արտագնայում, ունեցավ երեք միավորի կորուստ՝ 1:2, իսկ դրանից լավագույնս օգտվեց «Թուլուզին» նվազագույն հաշվով պարտության մատնած «Նիցցան»: ՊՍԺ-ն ունի 66, «Մոնակոն»՝ 42, «Նիցցան»՝ 39 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ